Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարն Ադրբեջանին մեղադրել է Նոր Կալեդոնիայի ճգնաժամին միջամտելու մեջ

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարն Ադրբեջանին մեղադրել է Նոր 
Կալեդոնիայի ճգնաժամին միջամտելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը հայտարարել է, որ Ադրբեջանը միջամտում է Նոր Կալեդոնիայում (Խաղաղ օվկիանոսում ֆրանսիական անդրծովյան տարածք) տիրող իրավիճակին՝ աջակցելով քաղաքական շարժումներին, որոնք պաշտպանում են կղզու անկախությունը Ֆրանսիայի Հանրապետությունից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Դարմանենը հայտարարել է France 2 հեռուստաալիքի եթերում։

«Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա սա երևակայություն չէ, սա իրականություն է։ Ցավում եմ, որ Նոր Կալեդոնիայի ղեկավարների մի մասը գործարք է կնքել այս բռնապետության հետ», - պատասխանել է նա այն հարցին՝ արդյոք խոսք է գնում Նոր Կալեդոնիայի ճգնաժամին Բաքվի միջամտության մասին։

Դարմանենը նշել է, որ չնայած միջամտելու փորձերին, Ֆրանսիայի իշխանությունները վերահսկում են իրավիճակը կղզում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Նոր Կալեդոնիայում արդեն մի քանի օր է՝ շարունակվում են խռովությունները, որոնք 4 մարդու կյանք են խլել։ Ֆրանսիան կղզում արտակարգ դրություն է հայտարարել՝ լրացուցիչ լիազորություններ տալով իշխանություններին՝ արգելելու հավաքները և սահմանափակելու մարդկանց տեղաշարժը կղզում։ Փարիզը նաև զորքեր է մտցրել Նոր Կալեդոնիա՝ նավահանգիստների և օդանավակայանի անվտանգությունն ապահովելու համար։

Խռովությունների առիթ է դարձել Ֆրանսիայի խորհրդարանի կողմից ընդունված օրինագիծը, որով նահանգային ընտրություններում ընտրելու իրավունք է տրվում Ֆրանսիայի այն քաղաքացիներին, որոնք 10 տարի ապրել են Նոր Կալեդոնիայում։ Ըստ տեղացի ղեկավարների՝ դա կթուլացնի բնիկների էլեկտորալ ազդեցությունը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]